Սամվել Բաբայանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի

Ռազմական գործիչ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ազատական» կուսակցության հետ։

«Արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն և ստիպենք, որ հաշվի նստեն իրական օրակարգի և արտաքին վտանգների հետ:

Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ՝ մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը:

Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները»,- ասված է Բաբայանի նախընտրական կոչի մեջ:

Սամվել Բաբայանը կոչ է անում չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ եւ աջակցել իրենց հանուն միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ անվտանգությունն ու ապահովությունը նորից կդառնան պետական գերակա խնդիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ