![]()
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարականով ապամոնտաժվել է քննադատությունների տեղիք տված «Արցախի բանալի» արձանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Ի գիտություն. հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը այն ապամոնտաժել է: Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Արցախում պահանջում էին հեռացնել «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-Պապիկի») հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» անվանումով արձանը: Մարդիկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստարկված դիտարկումներ էին արել այն մասին, որ տեղադրված քանդակը հայկականության հետ որեւէ աղերս չունի, բացառությամբ նրա, որ ներքեւի մասում մեսրոպյան այբուբենն է (առանց ներկայիս այբուբենի վերջին 3 տառերի): Օգտատերերն ընդգծել էին, որ քանդակի թե՛ վերեւի բազմաթեւ աստղը, թե՛ հուռութքը հոգեւոր խորհրդանիշներ են, բայց, միանշանակ, ոչ հայկական: Ավելին, ըստ հանրության ճնշող մեծամասնության կարծիքների, Ստեփանակերտի սրտում տեղադրված քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում. աստղը Ադրբեջանի գերբն է, իսկ հուռութքը Մուհամեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական ամուլետն է:
![]()