![]()
Ադրբեջանահայ փախստականներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Վերջիններս բարձրաձայն կարդացին իրենց դիմումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Մեր հայրենիքը վտանգված է, վտանգված ենք մենք, մեզ դարերով կոտորում են՝ հայ և քրիստոնյա լինելու պատճառով, մեր հայրենիքը գնալով կրճատվում է, մեզ ուզում են վերջնականորեն ցեղասպանելով վտարել մեր երկրից: Հայության դեմ համախմբվել են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը և այլ ուժեր»,- նշված էր նամակում:
Ակցիայի մասնակից Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջ ունեն նաև ՀՀ կառավարությունից, այն է` վերացնել Ադրբեջանի կողմից ռազմակալումը, իսկ բոլոր շուշեցիները, քաշաթաղցիները, հադրութցիները, քարվաճառցիները պետք է վերադառնան իրենց տարածք: Նա ասաց, որ տեղահանվել են պատերազմից 10 օր հետո ու վերաբնակվել Երևանում. Հադրութի 13 հազար 5 հարյուր բնակիչ տեղափոխվել է Հայաստանի տարբեր մարզեր:
Իսկ Ֆրանսիայից ակցիայի մասնակիցները խնդրում են վերացնել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների ռազմակալումը, որ շուշեցիները, քաշաթաղցիները, հադրութցիները, քարվաճառցիները վերադառնան իրենց բնակավայրեր։
![]()