Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակ մեղադրում է բոլորին, բայց ոչ ժամանակին հարցին լուծում տվեց, ոչ էլ հիմա է լուծում առաջարկում

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հոդված էր հրապարակել, որտեղ սովորության համաձայն Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում աջ ու ձախ մեղադրում էր բոլորին, թե ներկայիս իշխանությանը, թե ընդդիմադիր ուժերի գերակշիռ մեծամասնությանը։

Պատերազմի պարտության պաասխանատու էր որակել բոլորին, այդ թվում ազգի վերնախավին՝ էլիտային, այն է՝ մտավորականությանը, քաղաքագետներին, վերլուծաբաններին, լրագրողներին, ակադեմիական գիտնականներին, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությանը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդներին: Այն, որ այս պատերազմի պարտության մեջ մեղավոր ենք բոլորս, դա միանշանակ է, բայց ուշագրավն այն է, որ Տեր-Պետրոսյանը մեղավոր չի համարում իրեն ու իր քաղաքական թիմին,  և ավելին, ոչ մի լուծում չի առաջարկում դեռևս 2018-ին ստեղծված իրավիճակում

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարում էր.

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։

Իսկ 2017 թվականի հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դիրքավորում էր որպես բանակցային գործընթացից գիտակ և քաջատեղյակ մարդ։

Այն դեպքում, երբ 2018-ին, ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարում, բանակցությունները կանգնած էին, իսկ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները մեզ համար անիրականանալի և անընդունելի էին, ապա ի՞նչ պետք է աներ և Ադրբեջանի ո՞ր պայմանը պետք է ընդուներ Հայաստանի կառավարությունը։ Սա է այն հարցը, որի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս չի տվել ու 2018-ին արդեն իսկ ստեղծված իրավիճակի լուծում չի առաջարկել՝ փոխարենը միայն մեղադրանքներ հնչեցնելով բոլորի հասցեին։

Իսկ ժամանակին՝ իր կառավարման տարիներին, նույն Տեր-Պետրոսյանը հաղթանակած երկրի նախագահ էր, ում ձեռքերում էին «թե մուրճը և թե մեխը», և որպես հաղթանակած երկրի նախագահ հենց ինքը պետք է տար հարցի լուծումը, այլ ոչ թե թույլ տար իշխանության գան մարդիկ, որոնց հետագայում կմեղադրեր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման խաղաղ կարգավորման տապալման մեջ՝ խուսափելով պատասխանատվությունից։

Բնավ զարմանալի չէ, որ Տեր-Պետրսոյանը խոսում է բոլորի սխալներից, բայց ոչ երբեք սեփական սխալներից։

Եվ ի վերջո, որն էր Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը, ըստ Տեր-Պետրոսյանի որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակով  էր լինելու Լէռնային Ղարաբաղը, Ադրբեջանի՞ կազմում, Հայաստանի՞ կազմում, թե՞ անկախ …  կամ թվարկված տարբերակներից ամեն մեկին ինչպե՞ս էինք հասնելու, ի՞նչ ճանապարհով… սրանք հարցեր են, որոնք Տեր-Պետրոսյանն անպատասխան է թողել՝ փոխարենը միայն մեղադրանքներ հնչեցնելով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ