Հայաստանում ուսումնասիրվում է մարդու մաշկի ստեղծման հնարավորությունը

Առաջին փորձերից հետո գլխավոր հարցը՝ որքանով է իրատեսական Հայաստանում մարդու մաշկի ստեղծումը: Զարուհի Կարաբեկյանը արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է համարում, վստահեցնում՝ մոլեկուլային կենսաբանությունը արագ է զարգանում, հնարավոր է:

Զարուհի Կարաբեկյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) — Մենք պետք է կարողանանք աճեցնել համապատասխան բջիջներ, կարողանանք ստեղծել համապատասխան հենարաններ:

Բջիջների և հյուսվածքների համար հատուկ տարածք է պետք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիտական նյութերով գործընթացի կառավարումն առավել նպաստավոր է:

Զարուհի Կարաբեկյան — Մենք փորձում ենք հասկանալ՝ ոնց կարելի է ստանալ սկաֆոլդներ՝ և՛ մարդու մաշկը օգտագործելով, և՛ ինչպես կարող ենք դա ստանալ կենդանիներից:

21 տարի Միացյալ Նահանգներում գիտական հետազոտություններից հետ Զարուհի Կարաբեկյանը Երևանում հիմնել է իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան: Երիտասարդ գիտնականների հետ հետազոտում է միանգամից մի քանի ուղղություն: Ինկուբատորի մեջ, օրինակ, աճեցնում են տարբեր բջիջներ, ստեղծում սրտի փական:

Հետազոտում են նաև կենդանիների մաշկի ապաբջջայնացման եղանակաները; Այստեղ հետազոտությունները հաջորդում են իրար: Օրինակ՝ իժի թույնի ազդեցությունը սրտամկանային բջիջների վրա: Այստեղ Կարաբեկյանը մի քիչ սրտնեղում է՝ երիտասարդ գիտնականներն այստեղ սկսում են հետազոտությունները, գրավիչ առաջարկները նրանց տանում են Հայաստանից դուրս;

Զարուհի Կարաբեկյան — Շատ անգամ մենք տեսնում ենք, որ ղեկավարը էստեղ է, իսկ իր աշխատողը արտերկրում ինչ-որ փորձեր է անում:

Գլխավոր նպատակը մնում է ցողունային բջիջների շտեմարանի ստեղծումը: Եթե մարդու օրգանը վնասվի, և անհրաժեշտ լինի հյուսվածք, դա հնարավոր կլինի հավաքել ոչ թե արհեստական ճանապարհով, այլ կտրամադրվեն այն ցողունային բջիջները, որոնք ամենամոտն են օրգանիզմին;

Հիմա առաջնային ուսումնասիրության է դրված հյուսվածքային ինժեներիան: Պետք է ստեղծել արհեստական հյուսվածք և հասկանալ՝ ինչպես են արձագանքում իմունային բջիջները: Գաղափարները շատ են, պատկերացնում են՝ ինչից սկսել և ուր շարժվել, միայն թե պայմանները մի քիչ մոտ լինեն ժամանակակից պահանջներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ