![]()
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասն ինքնակամ թողած ժամկետային զինծառայող Ն. –ի՝ հակառակորդի կողմում հայտնված լինելու վերաբերյալ տվյալներ չկան:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հավելել, որ զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ:
«Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ: Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Աբրահամյանը:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աբրահամյանը գրել է, որ հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը:
Ն. Մ-ն ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 21-ին, զորակոչվել է 2021 թվականին՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:
Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։
![]()