![]()
Ապրիլին տեղի ունեցած գործողությունները հեղափոխություն որակելն ինձ մոտ կասկածներ է հարուցոմ․ հարց է առաջանում՝ արդյոք դա կարելի՞ է անվանել հեղափոխություն, որովհետև, եթե այդ գործողություններից հետո պետական կառույցում որոշակի ճյուղեր կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվում, արդարադատությունը որոշակի փոփոխության ևս չի ենթարկվում և չեն տրվում մինչ այդ եղած իշխանությունների գնահատականը՝ կատարվածը դժվար է հեղափոխություն անվանելը։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Եթե արդարադատության ոլորտում մինչ հիմա գործում է նույն համակարգը՝ պահպանվելով նույնությամբ, ուրեմն, կարելի է ասել, որ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխություն։
Եթե Սահմանադրությունն էլ չի փոփոխվել և շարունակում է նույնությամբ գործել, նշանակում է համակարգային փոփոխություններ չկան, իսկ քանի դեռ չկան այդպիսիք, ապա ես՝ որպես քաղաքացի, կդժվարանամ ապրիլին կատարված իրադարձությունները որակել հեղափոխություն»։
Վերջինիս խոսքով՝ փոփոխություններ չի նկատում նաև ուժային կառույցներում կատարված նշանակումների առումով։
![]()
«Ոստիկանությունը նախկին իշխանության գլխավոր մահակն էր։ Օրինակ՝ ոստիկանապետ դարձավ Վալերի Օսիպյանը, որի ձեռքերով շատ սոսկալի և անարդար դեպքեր են տեղի ունեցել։ Մինչև 2018 թվականի ապրիլյան դեպքերը բոլոր ընդվզողները հալածվել են, մարդիկ ձերբակալվել են խմբերով, ծեծվել և ջարդվել են, ինքնահրկիզվել են և այդ ամենի գլխավոր կատարողը եղել է պարոն Օսիպյանը»,- ասաց Թամար Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Վալերի Օսիպյանի «Սասնա Ծռերի» գործով տված վերջին ցուցմունքին և հավելելով, որ եթե Օսիպյանն իր ընկերներին է հիշում, ապա ինքն էլ ցանկանում է հիշել իր այն ընկերներին, որոնց կորցրել է։
![]()