![]()
24-ժամյա գրաֆիկով խմելու ջուրը շուտով կհասնի Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000-ից ավել բնակչի: Մարզում ընդհանուր աշխատանքների իրականացման համար կներդրվի 6 մլն 963 հազար եվրո՝ Կառավարության, KFW բանկի և Եվրոպական միության կողմից: Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգում է ՏԿԶ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի վստահեցմամբ նման ծավալի աշխատանքներ վերջին տարիներին չէին իրականացվել:
«Սա շարունակական գործընթաց է: Հուսանք, որ հեռու չէ այն օրը, որ ամբողջ մարզն ապահովված կլնի 24-ժամյա ջրամատակարմամբ, բայց որ մեծ քաղաքային համայնքները, մեծ խնդիրներ ունեցող բնակավայրերը կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ,միանշանակ է»,- ասել է բաժնի պետը:
Շինաշխատանքներն իրականացնող «Դորոժնիկ» ընկերության Վանաձոր տեղամասի ծրագրերի ղեկավարի տեղակալ Կարեն Անտոնյանի վստահեցմամբ, աշխատանքներն իրականացվում են մեծ ինտենսիվությամբ:
Ներկա պահին մոտավորապես 5 կմ ջրագիծ է կառուցվել, կատարվել են հողային աշխատանքներ, դիտահորերի տեղադրում:
«Եթե նախկինում ջրաչափը տեղադրելու, ջրաչափական հորը կառուցելու համար բնակիչը գումար էր ծախսում իր գրպանից, այս ծրագրով աշխատանքներն անելու է կապալառու ընկերությունը: Ընդհանուր նախատեսվում է շուրջ 1300 ջրաչափական հորերի կառուցում»,-ասել է Կ. Անտոնյանը:
Վանաձորում նախատեսվում է մոտ 14 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, ջրընդունիչների, շուրջ 23 կմ բաշխիչ ցանցի կառուցում և մոտ 10 կմ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, իսկ Լեռնապատում ջրամբարը սնող գիծն արդեն իսկ վերանորոգվել է, մյուս աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս համայնքներում ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, աշխատանքները կմեկնարկեն Լոռու մարզի ևս 8 համայնքներում:
![]()