![]()
Վերջին ամիսներին ավելի ու ավելի շատ են հայտնվում տվյալներ այն մասին, որ կորոնավիրուսը կարող է առաջ բերել ուղեղի լուրջ ախտահարումներ։ Ջորջիա նահանգի համալսարանի (Georgia State University) մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փոքրանում է COVID-19-ի ծանր ընթացք ունեցող պացիենտների ուղեղի ճակատաքունքային մասի գորշ նյութի ծավալը, ինչը երկարաժամկետ բացասական հետեւանքներ է ունենում։
Ինչպես պատմում է Medportal.ru-ն, գլխուղեղի գորշ նյութը կենտրոնական նյարդային համակարգի առանցքային բաղադրիչն է, որը բաղկացած է գերազանցապես նեյրոնների մարմիններից եւ գլիալ բջիջներից ու պատասխանատու է սենսորային ընկալման համար՝ տեսողություն, լսողություն, հիշողություն, հույզեր եւ խոսք։ Գորշ նյութի նորմից ցանկացած շեղում կարող է ազդել նեյրոնների գործառույթների վրա։
Վերոնշյալ մասնագետներն առաջինն են հետազոտել COVID-19-ի ազդեցությունը գորշ նյութի վրա եւ փոխկապվածությունը տարբեր ախտանշանների հետ՝ կիրառելով բազմաչափ մոտեցում։ Օգտագործելով մորֆոչափական վերլուծությունը՝ նրանք ուսումնասիրել են ծանր COVID-19 ունեցող 58 նյարդաբանական պացիենտների եւ առանց այդ ծանր նշանների 62 պացիենտի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները։
Պարզվել է, որ առավել լուրջ բարդություններ ունեցող պացիենտները հիվանդանոցից դուրս գրվելիս ունեցել են գորշ նյութի ամենափոքր ծավալը ճակատի վերին եւ միջին խոռոչներում, եւ այդ վիճակը պահպանվել է 6 ամիս հետո անցկացված կրկնակի բուժզննման ժամանակ։
Գորշ նյութի ծավալն այդ հատվածում նաեւ զգալիորեն ցածր է եղել այն պացիենտների մոտ, ովքեր թթվածին են ստացել՝ այն պացիենտների համեմատ, որոնք նման թերապիայի կարիք չեն ունեցել։ Այն կամավորների մոտ, ովքեր ծանր տենդ են տարել, նկատվել են գորշ նյութի ծավալի փոփոխություններ քունքի ստորին եւ միջին խոռոչներում։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսով պայմանավորված տենդը եւ թթվածնի քաղցը կարող են կապված լինել ուղեղի գորշ նյութի ծավալի փոքրացման հետ։ Հետաքրքիր է, որ նման երեւույթ նկատվում է նաեւ տարբեր հոգեկան հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ շիզոֆրենիայի, ուստի գորշ նյութի փոփոխությունները, հնարավոր է, առաջ են բերում դեպրեսիա, տրամադրության անկում եւ նյարդաբանական ախտանշաններ, որոնցով տառապում են շատ պացիենտներ COVID-19-ից հետո։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ուղեղի ճակատաքունքային մասի փոփոխությունները կարող են օգտագործվել որպես կենսամարկեր COVID-19-ի ընթացքի հավանական կանխատեսման եւ բուժման միջոցների գնահատման համար։
![]()