Ընդլայնվում է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

Սոցփաթեթի շահառու հանդիսացող աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետականից մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանն ուղղված նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կառավարությունը, փոփոխություն կատարելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ընդլայնում է օրենքի շահառու անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կարող են ուղղել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի և մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների ու այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում բյուջեի ծախսերի ավելացում:

Առաջիկայում շահառուն իր սոցփաթեթի գումարը կկարողանա օգտագործել նաև ատամնաբուժական ծառայությունների համար և ուղղել վճարովի մանկապարտեզ հաճախող իր երեխայի վարձի մարմանը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, կարևորել է սոցփաթեթի ծառայություններում նոր ուղղությունների ավելացումը. «Որքան շատ լինեն այս ուղղությունները, այնքան լայն հնարավորություններ կունենան շահառուները գումարը ծախսելու առումով, ինչը նաև դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա»:

Զեկուցողի խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է ընդլայնել շահառուների ցանկը. որպես երկրորդական շահառու կսահմանվի «Ընտանիքի անդամներ» հասկացությունը: Փոխնախարարն ընդգծել է, որ այս պահին շահառուների ցանկում ընդգրկված չեն բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ