ԱՄՆ-ը դատապարտել է Էրդողանի հակասեմական արտահայտությունները

ԱՄՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակասեմական արտահայտությունները։ Նա քննադատության է ենթարկել Ավստրիայի իշխանությունների գործողությունները՝ ուղղված Իսրայելի աջակցությանը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է հրեա ժողովրդի նկատմամբ նախագահ Էրդողանի վերջին հակասեմական արտահայտությունները և համարում դրանք դատապարտելի»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունը կոչ է արել թուրքական իշխանություններին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են հետագա բռնություն հրահրել։ Բացի այդ, Անկարային հրավիրել են միանալ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքին՝ ուղղված իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը։

Մայիսի 17-ին Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Վիեննայում մի շարք դաշնային շենքերի վրա Իսրայելի դրոշը բարձրացնելու Ավստրիայի կառավարության որոշումը։ Դա արվել էր՝ ի նշան Իսրայելի հետ համերաշխության։ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ նման գործողություններով ավստրիական իշխանությունները նույնականացվում են ահաբեկչության հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ