![]()
Ռուսաստանն աջակցություն կցուցաբերի Հայաստանին և Ադրբեջանին սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում, եթե երկու պետություններից էլ ստանա այդպիսի խնդրանք։ TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Դա նորմալ իրավիճակ է, երբ նման իրադրությունում կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, առավել ևս, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Ուստի, եթե այդպիսի դիմում ստանանք բոլոր մասնակիցներից, այլ ոչ թե միայն մեկ կողմից, ես նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք»,-ասել է նա:
Ռուդենկոյի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին Դուշամբեում կքննարկեն լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Դուշամբեում ԱԳ նախարարները հավաքվում են, որպեսզի քննարկեն օրակարգի բոլոր հարցերը: Ես չեմ բացառում, որ այդ հարցն այնտեղ կքննարկվի»:
![]()