Կութի և Ազատի դպրոցները բնականոն կաշխատեն

Գեղարքունիքի մարզի Կութ ևԱզատ համայքների գյուղերը բնականոն կաշխատեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում են 2 դպրոցների տնօրենները՝ շեշտելով՝ թշնամու նշանառության տակ և նրանց դիտակետում հայտնված դպրոցների աշակերտների անվտանգության հետ կապված որևէ լրացուցիչ միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ: Նախօրեին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի դիտարկումները ՙՌադիոլուրի՚ հետ զրույցում հաստատում է նաև Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը։ Տնօրենը նշում է, որ գյուղում մոբիլիզացիայի խնդիր չկա, մեր զինվորականների կողմից տարածքը հսկվում է։

ՙԲնականաբար, համայնքում բնակիչների կողմից անհանգստություն կա, սակայն խուճապային տրամադրություններ չկան՚,- ասում է Կոստանյանը, ով դեռ 90-ականներից լծված է եղել հայրենիքի պաշտպանությանը և այսօր էլ ակտիվ մասնակցություն ունի զինվորականներին օգնելու գործում։

Ըստ նրա՝ դասերը բնականոն շարունակվում են, դասապրոցեսին ոչինչ չի խանգարում։

Կութից 5 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ,Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանը «Ռադիոլուրին» ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, դպրոցում դասերը կազմակերպվելու են բնականոն, ճանապարհն անվտանգ է։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը:

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ: Պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին»,- գրել է Թաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ