![]()
Թիվ 1-ը գրում է.
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ այսօր վաղ առավոտվանից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կաթվածահար վիճակի պատճառն այն է, որ դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով ավտոբուսներն առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Քանի որ ընդհանրական և խնդրի արմատը քողարկող հայտարարությունից պարզ չի դառնում՝ ինչումն է կայանում բուն խնդիրը՝ Թիվ 1-ը փորձեց ճշտել Երևանի քաղաքապետարանից, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է հանդիսանում դիզ․ վառելիքի մատակարար, և ինչու՞ է նման խնդիր ծագել։ Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց նշել մատակարար ընկերության անունը՝ հավելելով, որ վերջինս հաղթել է մրցույթում, և ստանձնած պարտավորություններում թերացման պատճառների շուրջ այս պահին ընթանում են քննարկումներ։
Թիվ 1-ին հայտնի է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությանը դիզելային վառելիք է մատակարարում «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունը, որը տարիներ շարունակ ներքին պայմանավորվածություններով ստանձնել է վառելիքի մատակարարման մենաշնորհ։ Վերջին մրցույթի արդյունքում այս ընկերությունը պահպանել է իր սպառման շուկայի այս ուղղությունը։
Սակայն, վերջերս վառելիքի շուկայում նոր խաղացողի մուտքը փոխել է խաղի կանոնները՝ գնային քաղաքականության մեջ սպառողին առաջարկելով ավելի մատչելի գին վառելիքի 1 լիտրի համար։ Այս առաջարկն ամբողջապես փոխել է նախկինում մենաշնորհային դիրքերում գտնվող ընկերությունների շրջանառությունն ու շահույթի տրամաբանությունը։ Արդյունքում մոնոպոլ դիրքերում գտնվող ընկերությունները բախվել են արդար մրցակցության «խնդրին», որն էլ հանգեցրել է քաղաքային տրանսպորտի ներկայիս կոլապսին։
Հատկանշական է, որ նույն ընկերությունը՝ «ՍիՓիԷս Օիլ»-ը, հանդիսանում է նաև պետական մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության վառելիքի մատակարարը։ Եվ հաշվի առնելով այսօրվա նախադեպը՝ միանգամայն կանխատեսելի է, որ իրավիճակը կարող է նույն պատկերով արտահայտվել նաև ստրատեգիական նշանակություն ունեցող այլ ոլորտներում։
Երկար տարիներ տարբեր ոլորտներում խոր արմատներ ձգած ընկերություններն ու իրենց սնող խողովակները մեկընդմիշտ պետք է հասկանան, որ հին խաղի կանոնները նոր իրականության մեջ այլևս կենսունակ չեն։ Բայց պետությունն իր հերթին պարտավոր է կանխատեսել և կանխել հնարավոր կոլապսներն ու օրինականության դաշտ բերել բոլոր խաղացողներին։
![]()