[
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում՝ Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիսիրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում «Pençe-Şimşek» և «Pençe-Yıldırım» ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս օպերացիաներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։
Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։
![]()