![]()
«Օրենքով գող» համարվող Շահումյանցի Ժիրո անունով հայտնի Ժիրայր Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ. Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս. Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:
Իր հանձնարարությունը չկատարելու համար «Ժ.Շ.»-ն նախաձեռնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի «զոն նայողին» փոխարինելու գործընթաց՝ «Կ.Հ.»-ին հանձնարարելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:
«Կ.Հ»-ն հանձնարարության կատարմանը ներգրավել է «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի, այսպես կոչված, «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ կալանավորին:
Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է նշված ՔԿ-ի «զոն նայողի» գործառույթները և 20 օրում 3 անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև՝ հանձնարարել 2021-ի հունվարի 18-ին և հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ:
![]()