Վարդաձորում բացվեց Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի զոհերի հուշարձանը

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում Մայիսիննյան հաղթանակների օրը նշանավորվեց Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմամբ՝ բարերարությամբ վարդաձորցի գործարար Անդրանիկ Բաղդասարյանի։

Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Արշամ Մանուկյանի եւ Մոնթե Մեսրոպյանի ընտանիքների անդամներին։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Հուշարձանը տեղադրվել է Վարդաձորի միջնակարգ դպրոցի բակում (քանդակագործ Արա Սիմոնյան, մտահղացումը՝ Վահե Խաչատրյանի)։ Հուշարձանի վերեւի մասում հայրենիքիը պաշտպանող զինվորի բազալտակուռ քանդակն է, ներքեւի մասում՝ մարմարակերտ պատվանդանը, որի վրա փորագրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված 140 եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված 2 վարդաձորցի քաջորդիների անունները։ Հուշարձանի բացումը համընկավ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ Վարդաձոր համայնք կատարած այցի հետ։ Հուշարձանի բացմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Վարդաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Ավետիսյանը, պաշտոնական այլ անձինք, Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների ընտանիքների անդամներ, Վարդաձորի եւ հարակից համայնքների բնակիչներ։ Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ։ Այնուհետև ՀՀ վարչապետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք մասնակցեցին դպրոցի ռազմագիտության կաբինետի անվանակոչության արարողությանը, որը կրելու է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արշամ Մանուկյանի եւ Մոնթե Մեսրոպյանի անունները։

«Ես կատարեցի իմ հոգու պարտքը այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով են մեզ հայրենիք թողել, ովքեր արժանի են մեծարանքի ու հավերժացման։ Իմ հայրենի գյուղը մինչ օրս չուներ Մեծ հայրենականում զոհված մեր քաջարի պապերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Այդ անմահների կողքին անհնար էր չդասել Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր երկու հերոս զավակների անունները։ Նրանք բոլորը միասին խորհրդանշում են մեր հաղթանակների եւ խաղաղության հավաքական կերպարը, մեր հայրենիքի ազատության գաղափարը։ Այս հուշարձանի առջեւ բոլոր վարդաձորցիները խոնարհվելու են սերնդեսերունդ»,-նշեց բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ