Երևան-Գառնի ճանապարհին բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու կողաշրջված վիճակում բախվել քարե պարսպին

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երկաթբետոնե արգելապատնեշները և մոտ 5 մետր առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում բախվել բնակչի այգու քարե պարսպին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր օպերատիվորեն ժամանած Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկներին վարորդներն ու ավտոմեքենաներում գտնվող ուղևորները հայտնել են, որ իրենք չեն տուժել, հրաժարվում են բժշկական օգնությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: Փաստի առթիվ Ա,. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ