Գյումրու 2-րդ դպրոցում բացվեց նահատակված հերոս աշակերտների անկյուն

Դասվարը պահել էր 3-րդ դասարանում գրված շարադրությունը: Երբ ավարտական միջոցառման ժամանակ այդ թերթիկները կրկին բաժանեց իրենց մտքերը թղթին հանձնած արդեն շրջանավարտ դարձած սաներին, Վալերին փայլեց ուրախությունից: Թերթիկն առած վազեց ընկերների մոտ:

Գրել էր, որ օդաչու է ուզում դառնալ: Այդ ժամանակ նա արդեն դիմել էր համալսարան: Տեսեք, երազանքս իրականացնում եմ՝ ասել էր ընկերներին:

Դանիելին Վալերի, Էրիկ Ազատյան, Մարտին Պետրոսյան, Հովհաննիսյան Մինաս, Սերգեյ Զաքյան: Գյումրեցի երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի նահատակվեցին, դարձան հերոսներ պատմության էջերի, այն նույն պատմության, որն էջ առ էջ սերտել էին իրենց դպրոցում:

5-ն էլ Գյումրու թիվ 2 դպրոցի սաներ են եղել՝ խելացի, բանիմաց, նպատակասլաց:

Էրիկը միշտ տխուր էր, թախծոտ աչքեր ուներ: Խելոք ու համեստ, բարի, մարդասեր: Ուսուցչուհին՝ Էմմա Միրզախանյանն այսօր կրկին հպարտությամբ է խոսում իր սաների մասին: Բայց այս հպարտության հասցեատերն արդեն ոչ թե կյանքով լեցուն նախկին աշակերտներն են, այլ կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսները:

«Բա Մարտինը, այնքան խոնարհ, այնքան խելոք: 10 տարի սովորել է դպրոցում, ոչ մի դիտողություն չի ստացել: Իսկ Մինասը մեր հպարտությունն էր: Եկել էր դպրոց, ասեց, ընկեր Միրզախանյան, աշխատանք եմ փնտրւմ, ու գնաց մահապարտների գունդ»,- շարունակում է աշակերտներին ներկայացնել Միրզախանյանը:

Սերգեյ Զաքյանի վերադարձին բոլորն են սպասել: Ամեն հնարավոր տեղից լուր են փնտրել: Քանի օրերն անցնում էին ու չէր գտնվում տղան, այնքան մեծանում էր կենդանի լինելու հույսը: Բայց այդպես չեղավ: Հերոսացածների թվում նաև Զաքյանն էր:

«Ֆիզիկական բացակայությունն է միայն մատնում նրանց բացակայությունը: Մեր տղաները կենդանի են: Քանի դեռ հիշում ենք, քանի դեռ կանք մենք, հպարտանում ենք նրանցով»,- հերոսների հիշատակի անկյան բացման ժամանակ վստահեցրեցին մանկավարժները:

«Մենք ուխտավորի երկյուղածությամբ կմոտենանք այս անկյանը: Էրեխեք ջան, դուք մեզ համար միշտ կենդանի կմնաք»,-հուզված խոսքն ավարտեց Էմմա Միրզախանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ