«Մոտ ժամանակներս կկարողանանք լուծել պահվող անձանց վերադարձի խնդիրը». Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Այս մասին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար:

Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի, և՛ այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով:

Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»,- ասել է Լավրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ