Արցախի նախագահը հարցաքննվել է սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող հոդվածով հարուցված քրգործով

Արցախի գլխավոր դատախազությունում նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հարցաքննվել է քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով հարուցված քրեական գործով: Դատախազությունը հաղորդումն ստացել է «Առաջ, Արցախ» և «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպություններից:

Դավիթ Դալլաքյան, Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ — Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք հարցաքննություններ՝ 4 տասնյակից ավելի, հարցաքննվել են ԱԺ պատգամավորներ, հարցաքննվել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախատեսվում է նաև իրականացնել բազմաթիվ այլ քննչական գործողություններ, մասնավորապես՝ հարցումներ են ուղարկվել տարբեր պետական գերատեսչություններ:

Հատուկ քննչական բաժնի պետի խոսքով՝ առաջիկայում հարցաքննության կկանչվեն անվտանգության խորհրդի պատասխանատուները և պաշտպանության բանակի հրամանատարական կազմը: Քննչական գործողություններ են նախատեսվում նաև Հայաստանում:

Դավիթ Դալլաքյան — Իրավական օգնության և միջնորդություններ են ուղարկվելու Հայաստան՝ ՀՀ տարածքում քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու նպատակով:

Քանի որ գործը պետական գաղտնիք է պարունակում և է նախաքննության փուլում է, քննչական խմբի ղեկավարն այլ տեղեկություններ չի տրամադրել: Միայն ավելացրել է՝ գործն առնչվում է 44-օրյա պատերազմին, սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ