Կառավարությունը նախատեսում է 2021 թվականի մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ զորակոչ հայտարարել

ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է՝ 2021 թվականի մայիսի 7-ից 25-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ հայտարարելու մասին որոշումը։

Զորակոչի ենթակա են նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները։

ՀՀ պաշտպանության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչի անցկացման եւ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման։

Դրանում կնախատեսվի, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի հունիսի 15-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ։ Իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ։

2021 թվականի ամառային զորակոչից խուսափող`ՀՀ քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առաջարկվել է շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ