![]()
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է քաղաքացիներին խոստանալ, որ եթե Ծառուկյանը կառավարություն ձևավորելու հնարավորություն ունենա, ապա իրենք կհայտարարեն վարկային համաներում ու կչեղարկեն մինչև 3 մլն դրամ ունեցող վարկերը։
Մի կողմ թողնենք, որ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը խորհրդարան մտնելու խնդիր ունեն ուղիղ այնպես, ինչպես ընտրություններին մասնակցող ուժերի գերակշիռ հատվածը։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ լավագույնը, ինչին կարող է հավակնել ԲՀԿ-ն, 5 տոկոսանոց շեմ հաղթահարելն է, որի համար Ծառուկյանն ու իր թիմը պետք է գերջանքեր գործադրեն։ Եվ հենց այս խնդիրը լուծելու համար էլ Ծառուկյանը բոլոր հանդիպումների ժամանակ խոստանում է, որ վարկային համաներում կհայտարարի այն հաշվարկով, որ չքավորության ստորին շեմին գտնվող ու ծանրագույն սոցիալական պայմաններում ապրող մարդիկ կշահագրգռվեն այս խոստումով և վարկերից ազատվելու համար կքվեարկեն իրեն։
Մի քանի պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Ծառուկյանի այս խոստումը էժան պոպուլիզմի շարքից է և հղի է երկրի ֆինանսական համակարգի փլուզման անկանխատեսելի հետևանքներով։
Այսպես, բանկային համակարգից մի փոքր տեղյակ մարդը շատ լավ հասկանում է, որ բանկերը վարկ տալիս են ուրիշի փողերով։ Կոպիտ ասած՝ բանկը վերցնում է ավանդ, պայմանական, «Գագիկից» ու տալիս վարկ, պայմանական, «Ծառուկյանին»։ Եվ դրա արդյունքում վաստակած տոկոսներն էլ դառնում են բանկի շահույթի հիմնական աղբյուրը։ Հիմա մի պահ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն ինչ-որ հրաշքով ունենում է կառավարություն ձևավորելու մանդատ և հայտարարում է բանկային համաներում։ Այս պարագայում բանկն ուղղակի չի կարողանում վճարել ավանդատուների գումարները, ինչն էլ իր հերթին բերում է բանկի սնանկության, բանկային ու, ի վերջո, ֆինանսական համակարգի կոլապսի։
Կա մեկ այլ տարբերակ, եթե պետությունն է վճարում վարկառուների գումարները բանկերին, ինչի արդյունքում երկիրն իր վրա է վերցնում ահռելի ֆինանսական պարտականություններ։
Հետպատերազմյան վիճակում նմանատիպ նոր ֆինանսական բեռի առկայության հետևանքները, իհարկե, կարող են սարսափելի լինել երկրի տնտեսության համար։ Իսկ եթե խոսենք արդարության տեսանկյունից, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ բոլորի փողերից կազմված պետական բյուջեից պետք է վճարել մասնավոր անձանց պարտքը։
Իհարկե, կա մի հնարավորություն, որից Ծառուկյանը կարող է օգտվել ու գնալ բանկային համաներման՝ վճարել իր սեփական գրպանից։ Իսկ դրա համար կառավարություն կազմել պետք չէ։
![]()