![]()
Համաշխարհային շուկայում այժմ ձեթի եւ յուղերի 80 տոկոս գնաճ կա, շաքարավազի գների 40 տոկոս աճ է նկատվում, ինչպես նաեւ գնաճ կա կաթնամթերքի, հացահատիկի շուկաներում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում գրանցված գնաճին։
«Այդ գները մենք՝ որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրություն, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետեւաբար ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած՝ փոխարժեքի որոշակի տատանողականությունը։
Այստեղ, սակայն, հետաքրքիր ֆենոմեն կա. գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այստեղ որոշակի անելիք կա, սակայն սա միջազգային ֆենոմեն է։
Նրա խոսքով՝ հիմա համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ՝ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։ Այսինքն՝ կորոնավիրուսի հաղթահարումից հետո ակնկալում կա, որ տնտեսությունն ավելի լավ է զարգանալու։
«Մեր խնդիրը ոչ թե յուղերի գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ այս գների բարձրացման արդյունքում խելամիտ քաղաքականություն վարելը։ Այսինքն՝ տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա, սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել»,- նշեց Գալստյանը:
Նա ասաց, որ փորձում են մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն իրենք միտված են բալանսավորել իրավիճակը: ԿԲ նախագահը հավելեց նաեւ, որ պետք է այնպես անեն, որ, զսպելով գնաճը, տնտեսական անկում չունենանք։
ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մարդկանց հավաստիացնում են, որ ԿԲ-ն իր դիրքում է եւ երկրում կառավարելու է գնաճը. «Եթե նույնիսկ այս տարի մենք ավարտում ենք ավելի բարձր գնաճով, քան մեր թիրախն է, մենք մյուս տարիների ընթացքում վարած քաղաքականության արդյունքում հետ ենք գալու մեր թիրախին անպայմանորեն ու աներկբա: Մենք մեր հասարակությանը տված խոստումը կատարելու ենք»:
Գալստյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակչության անվստահությունը գնաճի հարցում հասել է վերջին 10 տարիների ամենաբարձր մակարդակին։
ԿԲ նախագահն ասաց, որ իրենց խնդիրն է ցույց տալ, որ գնաճը կառավարելի է, ու գների ուժեղ տատանումներ, առավել եւս՝ դրանց թռիչքաձեւ աճ, չի լինի։
![]()