Երկու կին աշխատակիցների ծեծկռտուքի առիթով Ռոմանոս Պետրոսյանը ծառայողական քննություն է նշանակել

Օրերս շրջակա միջավայրի նախարարության երկու կին աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանից:

Մեր հարցին, թե միջադեպից հետո կանայք աշխատանքի գնո՞ւմ են, Առաքելյանն ասաց. «Ոչ ոք աշխատանքից չի ազատվել, ու չեն էլ կարող ազատել նրանց, քանի դեռ ծառայողական քննությամբ մանրամասներ չեն պարզվել»:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ ապրիլի 30-ին երեւանյան պոլիկլինիկաներից մեկից ստացել են հաղորդում, ըստ որի՝ վնասվածքներով մի կին է դիմել։ Կինը հայտնել է, որ աշխատանքի վայրում վիճաբանություն է եղել, որի հետեւանքով վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է մյուս կողմի ինքնությունը, այդ անձը տվել է բացատրություն։

Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակից երկու կանայք էլ նախարարության առաջատար մասնագետներ են: Նախնական տեղեկություններով՝ կանանց կռվի պատճառը միջանձնային հարաբերություններն են:

Ըստ մամուլի հրապարակումների՝ շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Լ. Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակիցի՝ Ն. Սահակյանի հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ. Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք՝ ձեռքերին առաջացնելով կապտուկներ, քերծվածքներ: Վիճաբանության ժամանակ Ն. Սահակյանը հնչեցրել է նաեւ սպանության սպառնալիքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ