«Փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող տեսնել այն, ինչ արվում է առաջնագծում». Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորին

«Երբ որ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի».

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսպես արձագանքեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչու պատերազմից 6 ամիս անց չունենք կահավորված առաջնագիծ:

«Մեկը կար, չէ՞, պատերազմից առաջ ասում էր՝ ես ըլնեմ Ալիեւի տեղը՝ ա՛յ հիմա կհարձակվեմ»,- ակնարկելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտնի հարցազրույցը՝ ասաց Փաշինյանը եւ շարունակեց.

«Խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, օրինակ, կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանցք կա, կարելի է ստեղից մտնել… ժողովո՛ւրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես, ասենք, հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում»:

Պատգամավորը, սակայն, հակադարձեց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ ինքն իր հարցով ռազմական գաղտնիք չի բացահայտում:

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի: Էն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն այն վատ առաջնագիծ է, եւ, փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել: Եվ ես ուրախ եմ դրա համար»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ