44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունները՝ ՄԻՊ տարեկան զեկույցում

Սեպտեմբերի 27-ից սկսած տեղի ունեցան մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ, որոնք պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին. այս մասին 2020-ի տարեկան զեկույցում մանրամասն խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշել է, որ ՄԻՊ աշխատակազմն անցել է միանգամից հատուկ ռեժիմով աշխատանքի, հրապարակել է տասնյակ զեկույցներ, միջնորդություններ: Ընդգծել է, որ այս պատերազմի ընթացքում, բացի արգելված զինատեսակների, վարձկանների օգտագործումներից, խոշտանգումներից, դաժանություններից, նաև լրջագույն խնդիր է եղել ադրբեջանական ատելության, թշնամանքի քարոզի և ֆաշիզմի հասնող քաղաքականությունը:

«Անմիջապես պատերազմի առաջին օրերից սկսած, դեռ մինչև երբ մարդկային կոնտակտը չէր եղել… Ապրիլյան պատերազմը սկսվեց մարդկային կոնտակտով, երբ Թալիշում կտրեցին տարեց քաղաքացիների ականջները, այստեղ ատելությունն ու թշնամանքը տարածվում էր 2016-ի և այլ պատերազմների դաժանություններով: Երբ առաջ եկավ մարդկային կոնտակտը, ադրբեջանական զինված ուժերը սկսեցին դաժանություններն այս պատերազմի ժամանակ, միանգամից բացվեցին տելեգրամյան ալիքներ, որոնք, մեր դիտարկմամբ, ադրբեջանական իշխանությունների հետ էին կապված և մտադրված տարածում էին հայաստանյան սոցիալական ցանցերում, տարածում էին բռնությունների, դաժանությունների, ընդհուպ կային դեպքեր, երբ մեկ դեպքը բաղդատվում էր մասերի՝ ավելի մեծ տանջանքներ պատճառելու նպատակով»,- ասել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը խոսել է այն մասին, որ Ադրբեջանում մեծ հպարտությամբ են նշում, որ նախագահի ջանքերով մեծացել է ատելությամբ լցված սերունդ, Ադրբեջանի նախագահը արձանագրել է դա մի քանի դեպքերում, Թաթոյանը շեշտել է, որ այն ակնհայտորեն գեներացվում է քաղաքական իշխանության մակարդակում, որը երկու հիմք ունի՝ էթնիկ և էթնիկ կրոնական: Հատուկ ուսումնասիրել են Ադրբեջանի նախագահի ելույթները, վերլուծել գրեթե 300 տեսանյութ, թարգմանել և ԱԳՆ-ի տրամադրած էլեկտրոնային տարածքի միջոցով ուղարկել միջազգային կառույցներին, վերլուծված, թարգմանված ներկայացրել են այն դեպքերը, որոնք վերաբերում են խոշտանգումներին:

«Այս դաժանությունները ոչ թե առանձին զինվորականների արարքներ էին, այլ միասնական քաղաքականության, որովհետև հետո խրախուսվում էին իշխանությունների կողմից: Այս քաղաքականությունը ներկայումս շարունակվում է, նույն պուրակը, որ բացվել էր, ես հրապարակել եմ համապատասխան գնահատականները, բայց լրացուցիչ արտահերթ զեկույց ենք կազմել, ապացույցներով ցույց ենք տալիս, որ դա թշնամանքի ու ատելության լրացուցիչ օջախ է: Այն, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելության սպանություններ, դա ապացուցված է ՄԻԵԴ վճիռներով, հայտնի Գուրգեն Մարգարյանի, Սարիբեկյանի գործերը և այլն, ֆաշիզմի հասնող քաղաքականություն է, սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև լրջագույն սպառնալիք է ՀՀ բնակչության և մյուս իրավունքների համար: Ուսումնասիրել ենք թուրքական աղբյուրները, նույն ատելությունը տարածվում է թուրքական աղբյուրներով»,- ասել է Թաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ