![]()
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է:
Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն երկրները, որտեղ կա պատվաստման բավարար մակարդակ»,- կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ այսօրվա տվյալներով կա 656 նոր հայտնաբերված դեպք, ընդհանուր` 13257 հիվանդ, 2000 -ից ավելին գտնվում են հիվանդանոցներում: Երեկ գրանցվել է 16 մահ, մահերի ընդհանուր թիվը 4 հազարի սահմանը հատել է:
«Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու, փոփոխություն է մտցվել պոլիկլինիկաներում։ Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացիները կարող են հերթագրվել և ստանալ պատվաստանյութն իրենց նախընտրած պոլիկլինիկայում: Պատվասնանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին»,- նշել է առողջապահության նախարարը: Նա նաև ասել է, որ արդեն պատվաստվել է ու լավ է զգում իրեն:
AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվել է նաև փոխվարչապետը, և ոչ մի արտառոց բան չկա, ասել է Փաշինյանը:
Փաշինյանը կոչ է արել սկսել հենց իրենցից՝ պայմանավորվել, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն:
![]()