Կառավարությունը 95 միլիոն դրամ հատկացրեց Գերմանիայում բուժվող զինծառայողի համար

Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայող Արսեն Յավրույանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով Կառավարությունն այսօրվա նիստում 95 միլիոն 509 հազար դրամ է հատկացրել: Նախատեսվում է հատկացումն անել 2021 թվականի առաջին կիսամյակում:

22-ամյա երիտասարդը Գերմանիա է տեղափոխվել այս տարվա մարտի սկզբին: Ամիսներ շարունակ տղան կոմայի մեջ է: Արսեն Յավրույանը վիրավորում է ստացել պատերազմի երկրորդ ամսում՝ հոկտեմբերի 30-ին Մատաղիսում: Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում: Զինծառայողի հիմնական վնասվածքները գլխի շրջանում են, բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի հենց գլխի հատվածում:

Բարեգործական համերգի ու անհատական բարեգործությունների շնորհիվ կարողացել են նախնական գումարը հավաքել եւ Արսենին Գերմանիա ուղարկել: Սակայն Արսենի բուժման եւ Գերմանիայում մնալու համար ամեն օր է գումար հարկավոր: Կառավարության հատկացման համար զինվորականի ընտանիքն էր դիմել:

Հայաստանում բժիշկներն ասել են, որ այլեւս ոչինչ չեն կարող անել, բայց Գերմանիայում կարծում են, որ շանս ունի Արսենը, բայց դա, ընկերոջ փոխանցմամբ, կաշխատի այն դեպքում, երբ նա կոմայից դուրս գա: «Ընդամենը շնչում է: Հրաշք պիտի լինի, սպասում ենք այդ հրաշքին»,- ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Արսենի ընկերը: Նրա խոսքով՝ Արսենը չհանձնվող տեսակ է, տղայի հարազատները հույս ունեն, որ նույն ոգով էլ նա կպայքարի, կհաղթահարի առողջական խնդիրներն ու ոտքի կկանգնի:

Արսենը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է ավարտել: Մոտ 2 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ