![]()
Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել եւ կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մանրամասներ ներկայացնել այդ մասին:
ՊԵԿ նախագահն ասաց, որ 2021-ի մարտին՝ նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել է 2500-ով:
«Հաշվի առնելով նախորդ տարվա մարտ ամսից համավարակի առկայությունն ու դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություններ արվել են նաեւ 2019-ի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: 2019-ի մարտ ամսվա համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ ու այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավելի է 7.5 մլրդ-ով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով»,- ներկայացրեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 հազար 500 դրամ, որը 2020-ի համեմատ ավելի է շուրջ 12 հազար դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 28 հազարով:
«Ավելի է հաշվարկվել նաեւ եկամտային հարկը՝ ե՛ւ 2020-ի ե՛ւ 2019-ի համեմատ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ եւ 1.3 մլրդ դրամի չափով»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Վարչապետը հետաքրքրվեց սրանք նոր բացվա՞ծ աշխատատեղեր են, թե՞ ստվերից դուրս եկող աշխատատեղեր են. «Ուզում եմ նաեւ թվերի հավաստիության խնդրին անդրադառնալ: Այս թվերը ձեւավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա եւ խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել եւ հաշվետվություններով ներկայացվել է կամ վճարվել է կամ կվճարվի»:
Արձագանքելով Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ թվերի հավաստիության առումով կասկածելն անմտություն է. «Մենք որոշակի վերլուծություն արել ենք, այդ զանգվածի մեջ կա ստվերից դուրս եկած հատված բնականաբար: Բայց նաեւ ապրիլ ամսին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով ունի 20-ից 22 տոկոս աճ»:+
![]()
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առեւտրաշրջանառության առումով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա որոշակի. «Դա էլ է վերլուծության նյութ, թե ինչքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք»:
ՊԵԿ նախագահն ի պատասխան հայտնեց, որ գնաճի գործոնը կա այստեղ ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն եւ այս պահին վերլուծություն չեն կարող անել, երբ հրապարակվի՝ համապատասխան վերլուծություն կիրականացվի:
Վարչապետն ասաց, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ըստ ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկանքի ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել է:
«Ես աշխատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 հազար է: Առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 հազարի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ երբեք Հայաստանում գրանցված 600 հազար աշխատատեղ չի եղել: 2021-ի մարտին 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն»,- նշեց վարչապետը:
Նա դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ հարցրեց սրանք 100 տոկոս ստվերից դուրս եկած աշխատատեղե՞ր են, թե՞ կան նաեւ նոր ստեղծվով աշխատատեղեր:
Քերոբյանն ասաց. «Պարոն վարչապետ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչքան ստվերից դուրս են գալիս, կան տնտեսվարողներ, որ ստվեր էլ են գնում: Սա տնտեսական աճի հետեւանք է: Իհարկե, անցած տարվա մարտին կորոնավիրուսի պատճառով դեռ աշխատատեղեր չէին կրճատվել, բայց աճի տեմպը մի փոքր կոտրվել էր: Եթե այս տեմպերով գնանք ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ՝ ընդհանուր ՀՀ պատմության մեջ: Կարծում եմ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է եւ անհամբեր սպասում ենք մյուս շաբաթ Վիճակագրական կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ արդյունքներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով»:
Վարչապետը նշեց, որ եթե ճիշտ է հասկանում՝ ամիսը ամսվա հետ է համեմատվում եւ մարտ ամսվա համար ունեն բացարձակ ռեկորդ, ՀՀ պատմության մեջ մարտ ամսին երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ եւ 21-րդ միջոցառումներով մի ֆոն են ապահովել, որը հնարավորություն է տվել մարտ ամսին այսպիսի տվյալներ ստանալուն:
«Ես վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն եւ այդ ընթացքն անցնելուն՝ արդյունավետ է, հակառակ դեպքում չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ նաեւ վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը»,- ընդգծեց Գրիգորյանը:
![]()