ԱՄԷ-ն Արարատի մարզի 80 կարիքավոր ընտանիքի սննդի արկղեր է բաժանել

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին այսօր` ապրիլի 20-ին, ներկա է գտնվել ՀՀ Արարատ մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը:

Օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:

Այցի շրջանակներում Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին հանդիպել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին:

Մարզպետը բարձր է գնահատել ԱՄԷ-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը և մարդասիրական օգնության ոլորտում նրա ջանքերը: Նա նաև ներկայացրել է մարզում գյուղատնտեսության ոլորտի ներուժը` կարևորելով ԱՄԷ-ի և մարզպետարանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձել է տեղական արտադրանքն Էմիրություններ արտահանելու հնարավորությանը:

Իր հերթին Ահլամ ալ Սալամին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ: Նա նշել է, որ ԱՄԷ կառավարությունը մեկնարկել է առաջիկա հիսուն տարիների համար պարենային անվտանգության ազգային ռազմավարությունը և շարունակում է ջանքեր գործադրել երկրի գյուղատնտեսական և պարենային կարողությունները բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել, ինչպես նաև երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ