«Իսկանդեր-Մ» համակարգերի մասին Ադրբեջանը ՌԴ-ից պաշտոնական նամակ է ստացել

Ադրբեջանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել ՝ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների առկայության ու կիրառության մասին, բայց բավարարված չէ նամակի պարունակած տեղեկատվությամբ:

Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով ՝ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական նամակով հայտնել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ նամակին: Ես կարդացել եմ այդ նամակը: Պատասխանը ցույց է տալիս, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Փաստորեն, սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպե՞ս է Հայաստանը ստացել, ձեռք բերել ռուսական «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները»-, ասել է Ալիևը:

Ըստ Ալիեւի, «հայկական բանակը չէր կարող ունենալ« Իսկանդեր-Մ» հրթիռներ 500 կմ թռիչքային հեռահարությամբ, քանի որ «հայկական բանակը կարող էր ունենալ միայն «Իսկանդեր-Է» հրթիռներ ՝ 280 կմ հեռահարությամբ: «Այս հրթիռային համակարգերը կա՛մ առանց տեղեկացման տեղափոխվել են Հայաստան, կա՛մ գողացվել և անօրինական կերպով դուրս են բերվել Ռուսաստանից», — հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը իրավիճակն անվանել է «տհաճ» և նշել, որ Ռուսաստանի հանդեպ զգում է «ափսոսանք և զարմանք»:

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերային կապեր կան: Ադրբեջանի համաձայնությամբ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայված են Ղարաբաղում, Ստեփանակերտում ու մյուս տարածքներում: Ռազմավարական գործընկերների միջև հարաբերությունները պետք է լինեն անկեղծ», — ասել է Ադրբեջանի նախագահը:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) ցուցադրել էր իբր «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020-ի աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ: ANAMA- ի խոսնակը հայտնել է, որ հայտնաբերված բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ» համակարգից արձակված հրթիռին:

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Իսկանդեր» հրթիռներ չեն օգտագործվել 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ: Նա ավելացրել էր, որ Կրեմլը «տեղեկություն չունի», թե որտեղից են իբր հայտնաբերվել ադրբեջանական կողմի հայտարարած բեկորները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ