Հիմա էլ եմ ասում՝ հաղթում էինք․ պետք է ճշտել ում պետք չէր , որ մենք հաղթեինք, միտումնավոր պարտության տարան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը:

-Մեր զրույցի առիթը ստեղծվել է ձեր մարտական գործընկերոջ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հարցազրույցը. Սամվել Բաբայանը խոսել է արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Պատերազմի մասին գեներալի ասածներն ավելի շատ պարզությո՞ւն են բերում, թե՞ նոր հարցեր են ծնում:

-Բոլորիս հայտնի է, որ Սամվել Բաբայանը պատահական զինվորական չէ, նա Արցախյան առաջին պատերազմում բանակի առաջին հրամանատարն է եղել, իսկ վերջին պատերազմի ժամանակ, լինելով անվտանգության խորհրդի նախագահ, բնականաբար շատ իրազեկված է… Իհարկե, նրա պարզաբանումների մեջ նաև ճշգրտելու խնդիրներ կան, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջությամբ վստահում եմ Բաբայանին, մարդ, որն իր էությամբ զինվորական է, մարդ, որի ամենագլխավոր խնդիրն է եղել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը: Ես կոչ կանեի նաև մյուս մարտական ընկերներին, որ իրենք ևս իրենց իմացածի մասին անպայման բարձրաձայնեն, որովհետև մեր ազգաբնակչության համար կարևոր է ճշգրիտ իմնալ՝ ինչ է եղել իրականում: Լինելով առաջնագծում՝ հյուսիսային ուղղության վրա, և ամեն վայրկյան ունեցած իմ ինֆորմացիայով՝ մենք նման վախճան չպիտի ունենայինք՝ պատերազմի ելքի առումով…

Քաղաքական շարժառիթներից ելնելով՝ ներկայացնում են, որ իշխանությունները փորձում էին Ս. Սարգսյանի թողած դիրքերը հետ վերցնել: Բաբայանի խոսքով հիմնավորվեց, որ ընդհանրապես Լելե Թեփեի մասին խոսք չի եղել, խոսքը Քենդ Հորադիզի մասին է եղել, եթե այդ օպերացիան կայանար, Լելե Թեփեն թիկունքում էր մնալու: Ինչո՞ւ չի կայացել այդ օպերացիան, դա արդեն զինվորական, մարտավարական կազմակերպվածության խնդիր է:

–Ի՞նչ անել այն ինֆորմացիայի հետ, որ այդ օպերացիան կայացել է և մեծ թվով զոհեր ենք տվել:

-Զինվորական գործի մեջ կարևոր է համագործակցությունը զորքերի զորամիավորումների միջև: Չեն կարող ստորաբաժանումների թերությունները չազդել ընդհանուր մարտավարության վրա: Բաբայանի ներկայացրածից ես հասկացա, որ եղել են ստորաբաժանումներ, որոնք հրաժարվել են կատարել իրենց խնդիրները: Այստեղ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք քննության առարկա են… Այն, ինչի մասին բարձրաձայնեց գեներալը, խորհելու տեղիք է տալիս, բանակի հետ կապված խորքային քննության անհրաժեշտություն կա…

–Եթե մենք շատ զոհեր ենք տվել մի ճակատում, դա հրամանատարությա՞ն թերության հետևանք է:

-Դա կարող է լինել և՛ վախի, թյուրիմացության, վատ կազմակերպվածության խնդիր, և՛ կարող է լինել նաև (ցավով ու զգուշավորությամբ եմ նշում) դավաճանության խնդիր…

-Եկեք պատասխանենք գլխավոր հարցին. մեր պարտությունների (հատկապես այն ուղղություններում, որտեղ շատ վիճելի է, հիմա խոսում են Շուշիի, Հադրութի, Լելե Թեփեյի ուղղության մասին) առեղծվածային պատմության մեջ մարդկային գործո՞նն է դեր կատարել, թե՞ զենք-զինամթերք չունենալը, վատ կառավարումը:

-Միշտ անմեղության կանխավարկածի գործոնը նկատի եմ ունենում, քանի որ ես հարավում չեմ եղել, չգիտեմ հիմնական պատճառը որն է, բայց ինչքանով որ ինֆորմացված եմ՝ կապ ունենալով մեր ազատամարտիկ ընկերների հետ, մարդիկ նույնիսկ տեղյակ չեն եղել որտեղ են, այո՛, այդտեղ մենք ունեցել ենք հիմնականում զինվորական անկազմակերպվածության խնդիր: Կառավարման մասին է խոսքը, դասակի, ջոկի կամ առանձին ջոկատների հրամանատարների խնդիրները դնենք մի կողմ, ընդհանուր ֆրոնտի կազմակերպման խնդիր կար, այդպես էլ չերևաց, թե այդ ճակատի կառավարումն ո՞վ է իրականացնում, որովհետև եթե առանձին կամավորական ջոկատներ, կամ ՄՈԲ-ը կամ ստորաբաժանումներ ուղարկվում էին, հրամանատարն ասում էր՝ այս պահից սկսած դուք որոշեք՝ ինչ եք անելու, և նրանք փախչում էին: Կարդում ենք համացանցում զինվորների գրածները, գերիների հետ եմ խեսել և այլն, մարդիկ պատմություններ են պատմում, որորոն մասին խորհելու խնդիր կա, կարելի է ասել՝ կանխամտածված պարտության տանելու խնդիր է եղել: Այ հենց սա է որ պետք է բացահայտենք:

-Այդ կասկածը ձեր մեջ էլ կա:

-Իհարկե, իմ կասկածը ամբողջությամբ հիմնավորված է, որովհետև մենք երբեք հաղթանակին այսքան մոտ չենք եղել… Ես էլ եմ ասել, որ հաղթում ենք, ես հիմա էլ եմ եմ ասում, որ մենք հաղթում էինք, ամենաշատ զորքեր մենք ունեցել ենք հարավում, եթե հյուսիսում ընդամենը երկու պաշտպանական շրջան է եղել, հարավում 4-5 Արցախի պաշտպանական բանակի ստորաբաժանումներն էին՝ չհաշված ՄՈԲ-ի 70%-ը: Մեր տարածության վրա հակառակորդին մանևրելու հնարավորություն չենք տվել… արկերով, հրետանիով հակառակորդի երկու բրիգադ ամբողջությամբ կազմաքանդել ենք, այս ամբողջը կատարվել է կազմակերպված մարտ վարելու արդյունքում, նույնը կարելի էր հարավում անել…

Բաբայանը առաջին քայլն արեց, խոսեց, հիմա թող դրանից հետևություն անեն մենք ընդունենք այդ կծիկի քանդման առաջին հնարավորությունը և հենց այդտեղից էլ սկսենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ