![]()
Գիտնականները COVID-19-ով հիվանդացած երեխաների մոտ հայտնաբերել են հազվագյուտ նյարդաբանական պաթոլոգիաներ, որոնք դժվար է գտնել վաղ փուլերում։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Այսպես, ավելի վաղ The Lancet գիտական ամսագիրը հրապարակել էր ուսումնասիրության արդյունքները, որում ՄՌՏ-ի միջոցով մասնագետները 38 երեխայի մոտ արձանագրել էին նյարդաբանական շեղումներ:
Նշվում է, որ չորս հիվանդ մահացել է կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաներից, ևս չորս երեխայի մոտ ախտորոշվել է թրոմբոիշեմիկ հիվանդություն, իսկ մեկ երեխայի մոտ տեղի է ունեցել ինսուլտ գլխուղեղի բազմաթիվ արյունազեղումներով:
«Մի շարք փոքր տարիքի հիվանդների մոտ հնարավոր են նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ ցնցումների, գիտակցության տարբեր աստիճանի մթագնումների, ցերեբրովասկուլիտի, էնցեֆալիտի տեսքով», – հաստատել է նյարդաբան Օքսանա Զագիլովան:
Նա պարզաբանել է, որ նման խախտումները տեղի են ունենում այն բանի պատճառով, որ իմունային համակարգը հարձակվում է մարմնի նյարդային բջիջների վրա արյան մեջ թթվածնի անբավարար քանակի (հիպօքսեմիա), ինչպես նաև արյունաստեղծման խանգարման պատճառով:
Դա, ըստ մասնագետի, հանգեցնում է արյան թրոմբների առաջացմանը, որը հետագայում կարող է ինսուլտի կամ սրտի կաթվածի պատճառ դառնալ:
Բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Բելովան ավելացրել է, որ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները կարող են առաջանալ նաև բազմաբորբոքային համախտանիշի պատճառով:
Միևնույն ժամանակ, ռուս բժիշկները հազվադեպ են հայտնաբերում բարդություններ այն երեխաների մոտ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով: Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ մեկ տարվա ընթացքում մասնագետները երեխաների մոտ արձանագրել են բազմաբորբոքային հետքովիդային համախտանիշի շուրջ 30 դեպք:
![]()