![]()
Չեխիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների, որոնք, տեղական հատուկ ծառայությունների պնդմամբ, ռուսական հետախուզության սպաներ են։ Այս մասին այսօր Պրահայում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը ժամանակավորապես կատարում է նաև արտաքին գործերի նախարարի պարտականությունները։
Փոխվարչապետը ափսոսանք է հայտնել, որ այդ քայլը լուրջ հարված կհասցնի ռուս-չեխական հարաբերություններին, սակայն Հանրապետությունը, ըստ նրա, ստիպված է եղել գնալ դրան:
«Մենք նույն իրավիճակում ենք, ինչ Մեծ Բրիտանիան ՝ 2018 թվականին Սոլսբերիում Սկրիպալների թունավորման փորձի ժամանակ»,- ասել է Համաչեկը։
Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Նա հայտնել է, որ Ազգային հատուկ ծառայությունները նշել են, որ ԳՀՎ-ն մասնակցություն է ունեցել 2014 թվականին երկրի արևելքի Զլին քաղաքի շրջանի Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին:
«Հետաքննության ընթացքում ստացված միանշանակ ապացույցների (պայթյունի պատճառների) հիման վրա պետք է արձանագրեմ, որ կա հիմնավորված կասկած Վրբետիցեում ռազմամթերքի պայթյունին Գլխավոր հետախուզական վարչության ռուսական ռազմական հետախուզության սպաների՝ մասնավորապես 29155-ի ստորաբաժանման մասնակցության մասին: Մեծ նյութական վնաս է հասցվել, լուրջ սպառնալիք է առաջացել շատ բնակիչների համար, բայց նախևառաջ զոհվել են մեր երկու քաղաքացիները՝ անմեղ հայրեր»,- ասել է Բաբիշը։
Նա և առաջին փոխվարչապետը մանրամասններկայացրել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին գործի էությունը։
«Նախագահը մեզ աջակցություն է հայտնել։ Այս գործը հետաքննում են [չեխական] իրավասու մարմինները։ Չեխիան ինքնիշխան պետություն է և պարտավոր է այդ աննախադեպ փաստին պատշաճ կերպով արձագանքել»,- նշել է Բաբիշը։
![]()