«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք…». Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 89 տարեկան

«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել…»,- Կարեն Դեմիրճյան:

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Հայրենանվեր պետական գործիչն այսօր կդառնար 89 տարեկան:

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու… Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել — իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում…»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին այդպես է բնութագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թ. ապրիլի 17-ին Երևանում: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝  Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

1954-58 թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958 թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966 թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971 թ.` 2-րդ քարտուղար, 1972 թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար:

1974 թ. նոյեմբերից մինչև 1988 թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար՝ ղեկավարելով Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը: 1991-99 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999 թ. Վազգեն Սարգսյանի հետ կազմել է «Միասնություն» դաշինքը, որը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց՝ ստանալով 41.69 տոկոս քվե:

1999 թ. մայիսի ԱԺ ընտրությամբ ձևավորված նոր խորհրդարանում Դեմիրճյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: 1998-ին Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:

Կարեն Դեմիրճյանը սպանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչության ժամանակ: Դեմիրճյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ հետմահու նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում:

  • Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
  • 1975 թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
  • Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978 թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
  • 1980 թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
  • 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:

Վրացի քաղաքական և պետական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին գրել է.

«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժողովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ