Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է հիվանդի ծխախոտի պատճառով

Նախնական վարկածի համաձայն՝ Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն՝ բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել. հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

Բուժաշխատողները մինչև համապատասխան մասնագետների ժամանումը փորձել են մարել հրդեհը, ինչի հետևանքով բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը: Անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:

Հրդեհից տուժած 41-ամյա հիվանդի վիճակը ծանր է: Տուժած բժշկին էլ այս պահին հետազոտություններ է անցնում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա գտնվում է Հերացի թիվ 1 հիվանդանոցում:

«Բժիշկն է առաջինը տեսել, արձագանքել է, փորձել է իր ուժերով մարել հրդեհը: Հիվանդը մի քանի օր է՝ մեզ մոտ էր, այսօր պետք է վիրահատվեր, կոտրվածքներ ուներ: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան:

Դանիելյանի խոսքով՝ հիվանդը իր հիվանդասենյակում միայնակ էր, բաժանմունքի բոլոր 11 հիվանդները մինչ ԱԻՆ-ի ժամանելը տարհանվել են այլ հիվանդասենյակներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել էին երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ էին ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տարահանվել էր 11 հիվանդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ