![]()
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործող պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայում, որը հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի ջանքերով, շարունակվում է ստորին վերջույթների անդամահատումներ ունեցող զինվորների պրոթեզավորման գործընթացը:
Վերջին պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած տղաների համար պրոթեզները պատրաստվում են հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի կողմից: Դրանք անցնում են երկարատև պատրաստման փուլերով, որ ապահովեն այն կրողների հնարավորինս հարմարավետ քայլքը:
Հոլանդացի մասնագետը նաև իր հմտություններն է փոխանցում կենտրոնի երկու ֆիզիոթերապիստներին, ովքեր մոտ ապագայում կկիրառեն պրոթեզաբանից ստացած գիտելիքներն ու կօգնեն լիարժեք կյանք վերադառնալ հայրենիքի պաշտպաններին:
Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդեն պրոթեզավորվել ու շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը: Խայս Ֆան Խենթը զննում ու խորհուրդներ է տալիս արդեն պրոթեզավորման բարդ փուլով անցած բոլոր շահառուներին:
![]()