![]()
Նարեկ Քարտաշյանն ապրիլի 10-ին կդառնար 22 տարեկան: Ընկերներն ու հարազատները նրա ծննդյան օրը Եռաբլուրում են նշել։ Բանակից մեկ տարի առաջ էր զորացրվել, պատերազմի հենց առաջին օրերից` կամավորագրվել ու մեկնել Վարանդա: Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր, ուզում էր գինեգործ դառնալ, բայց հերոսացավ՝ հայրենիքի սերը ամեն ինչից վեր դասելով:
Ծննդյան տորթի մոմերը վառվում են Եռաբլուրում՝ առանց հոբելյարի։ Ընկերներն ու ծնողներն այստեղ են շնորհավորում Նարեկին։ Ապրիլի 10-ին՝ իր 22-ամյակին օրը, որոշել էր ամուսնանալ: Ծնողները երազանքով սպասում էին այդ օրվան: Այս տարի նրանց տանը 2 հարսանիք էր լինելու․ նախ՝ քույրը՝ Լիլիթն էր ամուսնանալու, հետո՝ ինքը։
«Ոնց որ զույգեր լինեինք, մեր մեջ տարբերությունը 2 տարի էր: Երբ սիրահարվել էր, կիսվում էր ինձ հետ, պատմում ծրագրերի մասին: Իմ հարսանիքի օրը որոշված էր, մարտի 3-ին էր լինելու: Ինքն էլ պլանավորել էր, որ իր սիրած աղջկան պետք է ամուսնության առաջարկություն անի»:
Նարեկը պատերազմից մեկ տարի առաջ էր զորացրվել, ծառայել էր Մարտունի 3-ում։ Պատերազմի սկսվելուն պես որոշել էր գնալ ու տեր կանգնել իր պաշտպանած դիրքերին: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին մեկնել: Հայրը Ռուսաստանում էր, երկու շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի, մայրը՝ Սաթիկ Քարտաշյանը, պատերազմ գնալու օրն էր իմացել որդու որոշման մասին։
![]()
![]()