![]()
Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները էներգիա արտադրող տանիքներ ունենալու գաղափար են առաջարկել: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված այս նախագիծը «Ֆիզիկա եւ մաթեմատիկա» անվանակարգում հաղթողներից մեկն է:
Թիմը նույն նախագծով մասնակցել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադային եւ արժանացել պատվոգրի:
Ջրահովիտի՝ Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը, որը նաեւ թիմի ղեկավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի գաղափարն առաջացել էր պատերազմական օրերին, երբ անջատվել էր դպրոցի հոսանքը:
«Նախագծի գաղափարը շատ հետաքրքիր էր: Այն առաջացավ պատերազմյան շրջանում: Դասերի ընթացքում դպրոցում հանկարծ հոսանքը անջատվեց: Աշակերտների՝ այդ ընթացքում ունեցած ծանր հոգեվիճակը եւ հոսանքը կտրվելը ավելի ընկճեց երեխաներին: Հոսանք չունենալու մասին խոսակցությունը բուռն քննարկումների տեղիք տվեց. հարցը, թե ինչու հոսանք չունենք, ու հնարավոր է՝ արդյոք լինի մի այնպիսի ժամանակաշրջան, որ այլեւս նման խնդրի առաջ չկանգնենք, դարձավ երեխաների մտածության թեման: Փորձելով փոքր-ինչ ոգեւորել աշակերտներին՝ ասացի. «Գիտե՞ք, երեխանե՛ր, ցանկացած գյուտ ծնվում է կարիքից: Այն, ինչ որ հեշտ է տրված լինում մարդուն, մարդը չի մտածում դրա մասին. գյուտերը միշտ ծնվում են կարիքից ելնելով: Գուցե սա հենց այդ պահն է՝ ինչ-որ մի բան ստեղծելու»»,- պատմեց թիմի ղեկավարը:
Ուսուցչուհին հավելում է, որ տեսնելով աշակերտների հետաքրքրությունը՝ համեմատությունների միջոցով զարգացրել է խոսակցությունը եւ երեխաներին բացատրել, որ ցանկացած ֆիզիկական գյուտ ընդամենը պարզագույն բան է եղել, օրինակ՝ Նյուտոնի՝ ծանրության ուժը հայտնաբերելը: Պարզապես պետք է ֆիքսենք միտքը եւ աշխատենք, գաղափարը գործ դարձնենք, որովհետեւ միտքը մեկ տոկոսն է, արդյունքի մնացած 99 տոկոսը աշխատասիրությունն է բերում:
![]()