![]()
Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Առաջիկայում էլ Հայաստանի կառավարությունը Չինաստանից նվեր կստանա չինական «Սինովակ» պատվաստանյութի որոշ խմբաքանակ:
Մինչ այդ այս պահին մեր երկրում եղած պատվաստանյութի երկու տեսակով՝ «Աստրազենեկայով» և «Սպուտնիկ V»-ով, նախատեսվում է պատվաստել ռիսկի չորս խմբի:
Այդ խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի քաղաքացիները կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «Աստրազենեկայով»: Ի՞նչ սկզբունքով է կատարվել այս բաժանումը հարցին նախարարի պատասխանն է.
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) — Առաջնորդվում ենք այն ուղեցույցներով, որոնք տալիս են մասնագիտական կառույցները, նայում ենք նաև այլ երկրների փորձը և ձեր կողմից մատնանշած եվրոպական մի շարք երկրներ սահմանել են ռիսկերից խուսափելու համար որոշակի տարիքային ցենզ: Քանի որ այս պահին «Սպուտնիկ» պատվաստանյութի թիվը փոքր է, այս քաղաքականությունն է որոշվել: Հենց որ հաջորդիվ ունենանք նոր խմբաքանակ, այս տարիքային որոշակի տարբերությունները կվերանայվեն, և 65-ից բարձր քաղաքացիները նույնպես կունենան հնարավորություն՝ «Սպուտնիկով» պատվաստվելու:
«Աշխարհում արդեն 190 մլն մարդ պատվաստվել է «Աստրազենեկայով»՝ այս պատվաստանյութի հանդեպ ունեցած անվստահության մասին լուրերին արձագանքում է նախարարը և շեշտում. 190 մլն պատվաստվածից կողմնակի ազդեցություն գրանցվել է ընդամենը 182 մարդու մոտ: Անահիտ Ավանեսյանը հորդորում է զգուշավոր լինել տեղեկություն տարածելիս և չմոռանալ, որ ծանր դեպքերի ու մահերի թվերի կրճատման միակ ճանապարհը պատվաստումն է:
![]()