![]()
Ջորջիայի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները կրծողների մոդելով ցույց են տվել, թե որքան վտանգավոր է շաքարով քաղցրացված ըմպելիքների հաճախակի օգտագործումը, հաղորդում է Medical Express պարբերականը։ Պատանեկան հասակում դա վատթարացնում է սովորելու արդյունավետությունը, իսկ չափահաս տարիքում խաթարում է հիշողությունը:
Հետազոտողների խումբը նաև ցույց է տվել, որ աղիքային մանրէների փոփոխությունները կարող են լինել շաքարով պայմանավորված հիշողության վատթարացման հիմնական պատճառը։
Պարզվել է, որ վաղ տարիքում շաքարի ընդունումը մեծացնում է պարաբակտերոիդ կոչվող բակտերիաների մակարդակը, իսկ որքան բարձր է պարաբակտերոիդների մակարդակը, այնքան ավելի վատ են կենդանիները կատարում հիշողության հետ կապված առաջադրանքները:
Հետազոտողները շեշտում են, որ հիպոկամպը (ուղեղի հիշողության կենտրոնը) դեռ զարգանում է ուշ պատանեկության տարիներին, և փորձել են պարզել, թե որքանով է այն խոցելի շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգի նկատմամբ։
Փորձի շրջանակներում երիտասարդ առնետներին տրվել է իրենց սովորական սնունդը և 11%-անոց շաքարի լուծույթ, որը համեմատելի է շաքար պարունակող ըմպելիքների հետ: Այնուհետև կենդանիներն անցել են հիշողության թեստ, որի ընթացքում գնահատվել է դրվագային համատեքստային հիշողությունը։ Առնետները պետք է հիշեին այն համատեքստը, որտեղ նրանք նախկինում տեսել էին ծանոթ առարկան։
Պարզվել է, որ վաղ տարիքում շաքար օգտագործող առնետներին չի հաջողվել որոշել, թե որ առարկան է նոր եղել տվյալ համատեքստում։ Նույն առաջադրանքը հաջողությամբ կատարել են շաքար չօգտագործած առնետները:
Մեկ այլ թեստի միջոցով գնահատվել է հիմնական ճանաչողական հիշողությունը ՝ հիպոկամպից անկախ հիշողության գործառույթ, որը ցույց է տալիս կենդանիների՝ նախկինում տեսածը ճանաչելու ունակությունը: Այս առաջադրանքի ընթացքում շաքարը չի ազդել կենդանիների հիշողության այս տեսակի վրա:
Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ շաքարի մեծ քանակությամբ ընդունումը հանգեցնում է աղիքային միկրոֆլորայում պարաբակտերոիդների կոնցենտրացիայի ավելացմանը: Երբ փորձի ընթացքում այդ բակտերիաների կոնցենտրացիան արհեստականորեն ավելացվել է կենդանիների մեջ, որոնք երբևէ շաքար չեն սպառել, խանգարվել են ինչպես հիպոկամպից կախված, այնպես էլ հիպոկամպից անկախ հիշողության համակարգերը:
![]()