![]()
Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։
Սմերչ համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է 43.7 տոննա։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի բազայի վրա։ Մարտական մեքենան զարգացնում է 60-65 կմ/ժ արագություն։
Սմերչ համակարգի հրթիռների քանակը 12-ն է՝ տրամաչափը 300 միլիմետր։ Այս համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20 կմ։ Հրթիռների մարտական քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 280 կգ։
Սմերչի հիմնական թերությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։ Սմերչի լրիվ վերալիցքավորումը տևում է 35-45 րոպե, իսկ հաշվի առնելով այն, որ Սմերչը չի կարող լիցքավորված վիճակում տեղաշարժվել, լիցքավորումը կատարվում է հենց կրակային դիրքից։
Իր հերթին, կրակային դիրքում 35-45 րոպե մնալը մեծացնում է հակառակորդի կողմից համակարգերի հայտնաբերման հավանականությունը և հետևաբար այն ավելի խոցելի է դարձնում։
![]()