Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford Transit-ը բախվել է գազատար խողովակների հենասյուներին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը, կոտրել դրանք. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի «Նատի» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, մի քանիսը կոտրել, այնուհետև բախվել ինտերնետային կապի համար նախատեսված սյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղբվարդ քաղաքի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյաի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել են մարդաբոյ փոսերը ու վարորդը, չիմանալով ինչպես խույս տալ փոսերից, չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ: Նշված ճանապարհին էլ մարդաբոյ փոսերն այնքան շատ են, որ այստեղ կարելի է տարբեր տեսակի ձկներ աճեցնել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ