Ինչպես է այս տարի նշվելու Քաղաքացու օրը

Այս տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 25-ին: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Բանն այն է, որ այս տարի Քաղաքացու օրը համընկնում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, և հարցադրումներին, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում նշել իրենց տոնն այդ օրը. «ՀՀ տոների և հիշատակի օրերի օրենքում նշվում է, որ Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։

Սակայն նաև ասվում է, որ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը, այսինքն ապրիլի 25-ին»,- ասաց Դավոյանը:

Մեր հարցմանը՝ Քաղաքացու օրը նշվելո՞ւ է, և ինչ միջոցառումներ են պլանավորված, կառավարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ քաղաքացու օրվա հետ կապված միջոցառում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանեց Քաղաքացու օր տոնը։

Նշենք, որ Քաղաքացու օրը մեծ շուքով նշվեց 2019 թվականին: Ամբողջ հանրապետությունում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնք կրում էին «Միտքդ վառ պահիր» խորագիրը: Իսկ ահա 2020 թվականին տոնը չնշվեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ