![]()
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և մարզի խորհրդի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում իրականացվել են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
Չնայած եղանակային ոչ բավարար պայմաններին՝ դրանք տեղի են ունեցել մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներին:
Մարզային շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը մարզի ողջ տարածքում դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը:
Շաբաթօրյակի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբաթաղման, մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքներում իրականացվող աշխատանքներին:
Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ:
Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է շուրջ 417 կազմակերպություն, 8476 մարդ, օգտագործվել է 154 միավոր տեխնիկա: Գեղաքունիքի մարզում սանիտարական մաքրման աշխատանքներին կհաջորդի ծառատունկը, որը կկազմակերպվի ապրիլի երրորդ տասնօրյակի ընթացքում:
![]()