![]()
Կրթությամբ կյանքը փոխելուն ուղղած ծրագիր է իրականացվելու Տավուշի մարզում՝ 2020 թվականի Արցախի պատերազմից տուժածների համար:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն (ԳՏՏԿ) իրականացնում է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր՝ մարզային աջակցման և զարգացման համար։
Այն կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում ապրող 100 անհատի, որոնք պատերազմի հետևանքով հայտնվել են սոցիալական ծանր վիճակում և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ, հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում, ֆինանսական կառավարման՝ հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում:
Ծրագիրը կտևի 10 ամիս, իսկ դասընթացները՝ 8: Դիմելու համար հարկավոր է համայնքապետարանից տեղեկանք`պատերազմից տուժած լինելու վերաբերյալ և գրանցում հետևյալ հղումով՝ https://forms.gle/rKyzuXzszSaW8ptU8: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է:
«Ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտիներում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության, աշխատանք գտնելու հարցերի լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարևոր է լուծել հայրենիքի ծառայությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը: Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,-տեղեկացրել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Այս ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:
![]()