![]()
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների երեկոյան հատվածում հարթակ են դուրս եկել մինչև 96 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանը ներկայացրել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Առաջին վարժությունից հետո Դավիթն ու Հակոբը զբաղեցնում էին համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը: Մեր տղաները այնքան էլ հաջող հանդես չեկան՝ արդյունավետ իրացնելով ընդամենը մեկական մոտեցում: Իսկ երկրորդ` հրում վարժությունում, Դավիթը ձախողեց ելույթը` երեք անգամ վայր գցելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը:
Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը նախ գլխի վերևում պահեց 205 ապա 212 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն գցեց 215 կիլոգրամը: Այս արդյունքը բավարար եղավ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճելու և երկամարտի արդյունքով երրորդը ճանաչվելու համար: Այսպիսով, Հակոբ Մկրտչյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
![]()