Մահացած 27-ամյա կնոջ ու նրա դստեր ապրած բնակարանում վերջին անգամ գազի սպասարկում էր իրականացվել նախորդ տարվա նոյեմբերին

Ապրլի 1-ին մահացած 27-ամյա կնոջ ու նրա 7-ամյա դստեր ապրած բնակարանում վերջին անգամ գազի սպարակման աշխատանքներ են իրականացվել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ բաժանորդների սպասարկման վարչության պետ Վահագն Բաղդասարյանից:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ համաձայն մոր եւ դստեր մահվան մասին բժշկական վկայականի՝ վերջիններիս մահվան պատճառը սուր թունավորումն է եղել շմոլ գազից: Նրանց մարմինների վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի բաժանորդների սպասարկման վարչության պետի խոսքով՝ այդ այցի ընթացքում աշխատակիցները թերություն էին նկատել, որոնք տեղում շտկվել էին: «Խոհանոցում օդատարին արհեստական խոչընդոտ էր միացրած եղել՝ օդաքարշ: Օդաքարշը շատ դեպքերում տանում միացնում են միակ օդատարին, ինչը՝ արգելված է, կարող են առանձին օդանցք կամ օդատար բացել ու դրան միացնել, բայց գազաֆիկացված շենքում պարտադիր պիտի լինի բնական քարշով աշխատող օդատար: Ձայնաազդանշանային սարքը եւս սխալ տեղ է դրված եղել, մեր աշխատակիցները դրել էին ճիշտ տեղը, երկու խնդիրն էլ վերացրել»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նաեւ նկատեց՝ իրենց տվալներով՝ նշյալ բնակարանի լոգարանում գազասարք չի եղել, այն տեղադրված է եղել միայն խոհանոցում:

Բաժանորդների սպասարկման վարչության պետը նաեւ շեշտեց՝ քանի որ գազի սպասարկման վարչության այցելությունները կատարվում են տարին երկու անգամ, նոյեմբերից հետո հաջորդ սպասարկումը տվյալ հասցե պիտի տեղի ունենար հավանաբար մայիս ամսին: Այս ընթացքում տվյալ բաժանորդի կողմից որեւէ կանչ չի գրանցվել:

Ինչ վերաբերում է ողբերգական դեպքից հետո այդ բնակարանում ուսումնասիրություններ կատարելուն, վարչության պետը նշեց, որ իրենց աշխատակիցներին դեռեւս դա չի հաջողվել, քանի որ տվյալ բնակարանի դուռը ոստիկանությունը կապարակնքել է: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, երեկ՝ ապրիլի 1-ին, այդպիսի ստուգումներ իրականացվել են: Դեպքի վայրում զննություն են իրականացրել նույն «Էյ-Ի-ՋԻ սերվիս» ընկերության մի քանի աշխատակիցներ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ միասին: Դրանից հետո բնակարանի դուռը կրկին կապարակնքվել է:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում 27-ամյա կնոջ ու 7-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Հայկական ժամանակին» հարեւաններն ասել էին, որ մահացած կինն ու երեխան այդ բնակարանը վարձակալել էին եւ այնտեղ էին տեղափոխվել մոտ 10 օր առաջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ