90-ականներին, որ Ղարաբաղում երեխա էր ծնվում, ասում էին անունը դնենք Արկադի

Ղարաբաղում Կոմանդոսին շատ էին սիրում: Պատերազմական ժամանակաշրջանում, 90-ականներին, երբ էնտեղ երեխա էր ծնվում, ասում էին անունը դնենք Արկադի:

Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին մասնակցող ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն է հիշողության այս պատառիկը պատմում:

«Նա հաղթանակած զորավար է, հրամանատար է, ու տեսավ էս պարտությունը, ցավոք: Կոմանդոսը երազում էր այն բանակի մասին, որը եղել է, հաղթանակած բանակի մասին էր երազում: Դա նաև իմ երազանքն է »,-լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:

Կիրականանա՞ արդյոք Կոմանդոսի երազանքը՝ հարցին, Միքայելյանը պատասխանեց. «Երբեք հույսներդ չկորցնեք»:

Սասուն Միքայելյանը նաև ասաց, որ Կոմանդոսը այս պատերազմում ևս իր խորհուրդներով եղել է կանգնած բանակի կողքին, և կատարվածը մեծ մեծ ցավ էր Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համար:

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին:

Վաղը՝ ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ